Շատ կարևոր է, որ մարդիկ պատկերացնեն՝ ինչ փոփոխություններ է բերելու նոր Սահմանադրությունը. Ռիչարդ Միլս
ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ ու լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը այսօր հրավիրված «Մարդու իրավունքները Սահմանադրության նոր նախագծում» քննարկմանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք, որպես ՀՀ-ի բարեկամ, հետևելու են, թե արդյոք Սահմանադրության նախագծին կողմ և դեմ բոլոր կողմերը հավասար իրավունքներով կարողանում են տեղ հասցնել իրենց ձայնը։
«Շատ կարևոր է, որ մարդիկ լինեն իրազեկ ու պատկերացնեն՝ ինչ փոփոխություններ է բերելու նոր Սահմանադրությունը իրենց կյանք։ Դրա համար շատ կարևոր է, որ բոլոր կողմերի ձայնը լսելի լինի, բոլորը հնարավորություն ունենան օգտվելու հեռարձակվող հեռուստաընկերություններից»,- ասաց նա։
Ռիչարդ Միլսը նշեց, որ կարևոր է, որպեսզի լինեն բանավեճեր ու քննարկումներ, որպեսզի մարդիկ կարողանան որոշում ընդունել՝ փոխել Սահմանադրությունը, թե՝ ոչ։
Հարցին, թե անձամբ իրեն գոհացնում է սահմանադրության նախագիծը, դեսպանը պատասխանեց. «Մասամբ ընթերցել եմ առաջարկվող նախագիծը, իսկ դեսպանատան իմ գործընկերները մանրամասնորեն ծանոթացել են։ Ես առիթ եմ ունեցել ծանոթանալ նախագծի վերաբերյալ տրված գնահատականներին՝ տրված Վենետիկի հանձնաժողովի կողմից, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կողմից, սակայն ինձ համար, որպես ԱՄՆ-ի ներկայացուցչի, տեղին չէ գնահատական տալ նախագծի վերաբերյալ։ Հայաստանի ժողովուրդը պետք է ծանոթանա, մասնակցի բանավեճերին, հասկանա հետևանքները իրենց կյանքում ու որոշում կայացնի»։










