Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության 4 գեներալ հեռացվել է պաշտոնից. լրատվամիջոցներ

13:05 • 23.10.15

Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության չորս գեներալ ազատվել է զբաղեցրած պաշտոններից, հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին։

 

Նրանց թվում է Ազգային անվտանգության նախարարության անդրազգային տնտեսական հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ղեկավար գեներալ-մայոր Սուբահիր Գուրբանովը, գլխավոր վարչությունների պետեր գեներալ-մայոր Թարվերդի Մամեդովը և գեներալ-մայոր Փարվիզ Սաֆարովը, ինչպես նաև զորամասի հրամանատար գեներալ-մայոր Վուգար Ալահգուլիևը:

 

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 17-ին, հաղորդվել էր, որ աշխատանքից հեռացվել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովը:

 

Հաղորդվել է նաև, որ Ադրբեջանում Ազգային անվտանգության նախարարության մի շարք աշխատակիցներ են ձերբակալվել։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ծառայողական լիազորությունները չարաշահելու հոդվածով: Հաղորդվում է, որ նրանց թվում ԱԱՆ նախկին ղեկավար Էլդար Մահմուդովի մերձավորներն են։

 

Ենթադրվում էր, որ այդ աշխատակիցները, նախարարի հրահանգով, գաղտնալսել են բարձրաստիճան պաշտոնյաների՝ առանց երկրի ղեկավարության թույլտվության։ Haqqin.az-ը գրել է, որ իր տեղեկություններով՝ Ազգային անվտանգության արդեն նախկին նախարարն այժմ ձերբակալված է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով: