Այս տարի մթերվել է 209 000 տոննա բերք՝ նախորդ տարվա 184 000-ի փոխարեն. գյուղփոխնախարար
Եթե նախորդ տարի մթերվել էր 184 000 տոննա խաղողի բերք, ապա այս տարի, դեռ մթերման սեզոնը չավարտված 209 000՝ այն պայմաններում, երբ գինու արտահանման ծավալը նվազել էր շուրջ 42, իսկ կոնյակինը՝ 60, սա վատ ցուցանիշ չէ:
Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի «ֆեյսբուքյան ասուլիսին» հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը. «Տեսեք, 50 տոկոսով պակաս արտահանումների պարագայում դա նշանակում է, որ վերամշակող ընկերությունների հնարավորությունը կլիներ հենց այդքան`50 տոկոսով պակաս, բայց բոլորն էին հասկանում, որ ամեն ինչ պետք է անել, որ որևէ կիլոգրամ խաղողի բերք կորստի չմատնվի»:
Գառնիկ Պետրոսյանը հիշեցրեց, որ գյուղնախարար Սերգո Կարապետյանն այս մասին բազմիցս ասել է, ու դա պետք է դիտարկել ոչ այլ ինչ, քան ուղերձ հասարակությանը:
Ի պատասխան դիտարկման, որ գյուղացիները, հատկապես Գեղարքունիքի մարզի, այդ համոզումը չունեն, փոխնախարարն ընդգծեց, որ 50 տոկոսից ավելի արտահանման նվազման պայմաններում, սա լավ ցուցանիշ է:
Այս դեպքում՝ ինչո՞ւ բերքն անակնկալի բերեց՝ տարին բերքառատ էր և բոլոր ուղղություններով բարձր արդյունքներ են գրանցվել հանրապետությունում:
Գյուղփոխնախարարն ասաց. «Կանխատեսվում էր խաղողի բարձր բերք, որն իրականում խնդիրներ չպետք է առաջացներ, քայլեր պետք է ձեռնարկվեին խաղողն ամբողջությամբ մթերելու համար: Բայց դեռևս անցած տարվանից պարզորոշ երևում էր, որ գինու, կոնյակի արտահանումը պակասել էր, գինունը՝ շուրջ 42, կոնյակինը՝ մոտ 60 տոկոս»:
Նա հավելեց, որ տարեսկզբից վարչապետ-Գյուղնախ-մթերողներ մակարդակով բազմաթիվ հանդիպումներ, քննարկումներ են անցկացրել` դրված նպատակին հասնելու համար։ Եվ դա, առաջին հերթին, մթերողների համար մթերման հնարավորությունների՝ տարողությունների ավելացումն էր՝ հաշվի առնելով, որ դրանք սահմանափակվել էին արտահանման ծավալների նվազմանը զուգահեռ:
Կար նաև ազատ շրջանառու միջոցների պակաս, որը փորձել են կարգավորել բանկերի կողմից լրացուցիչ` սուբսիդավորված վարկերի ներգրավվմամբ:
Դրան հետևեց Գեղարքունիքի մարզի գյուղացիների պատմությունների մասին ռեպորտաժը, երբ բոլորը կրկնում էին`«անասունները պահում ենք, գալիս են 90 դրամով կաթ են մթերում, 110 դրամով՝ կարտոֆիլ» :
Մեկ այլ գյուղացի հայտարարեց, որ անասունը մորթելու է, ու վերջ գյուղատնտեսությանը:
Պատասխանելով գյուղացիների դիտարկմանը` Գառնիկ Պետրոսյանը հիշեցրեց, որ օգոստոսին կարտոֆիլը մայրաքաղաքի շուկայում վաճառվում էր 350-400 դրամով, իսկ դաշտից գնվում էր մոտ 250-280 դրամ մեծածախ գնով։
Իսկ հիմա, երբ կարտոֆիլի գները իջել են մինչև 200 դրամ, գյուղփոխնախարարը չի կարծում, որ դա վատ գին է:










