Գեղարքունիքում ընդլայնվում են անասնապահության զարգացման հնարավորությունները
Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղի ամառային արոտավայրում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ եւ Վահանի գյուղապետարանի եւ տեղացի ֆերմերների աջակցությամբ հիմնվել է անասունների գիշերելու փարախ եւ մեքենայացված կթի կետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վա հանի գյուղապետ Գուրգեն Բալյանը, ծրագիրն իրականացվել է այս տարվա ընթացքում եւ ավարտի հասցվել օգոստոսի վերջերին:
«Մոտ 200 խոշոր եղջերավոր անասունների համար կառուցված փարախում ստեղծված է նաև մեքենայացված կթի հնարավորություն: Ամերիկյան կողմը Վահանի անասնատերերին հատկացրել է էլեկտրական հոսանք արտադրող 3 գեներատոր, որոնց միջոցով գործի են դրվում կթող մեքենաները: Նշված քայլերի շնորհիվ բարձրանում է և՛ անասունների կաթնատվությունը, և՛ մսատվությունը, և՛ արտադրվող կաթի որակը:
Արոտավայրը գյուղից գտնվում է 5 կիլոմետր հեռավորության վրա,որտեղ հասնելով ու հետ գալով` անասունները կորցնում են թե’ քաշը, թե’ կաթնատվությունը: Մնալով արոտավայրում` անասուններն արդեն ավելի բարձր մթերատվություն կապահովեն: Իսկ մեքենայացված կիթը ոչ միայն կհեշտացնի անասունների կթումը, այլ նաև կնպաստի արտադրվող կաթի որակի բարձրացմանը»,- նշեց համայնքի ղեկավարը:
Կթող մեքենաները շահագործման են նախապատրաստվել տեղի ֆերմերների, իսկ հողային աշխատանքներն իրականացվել են Վահանի գյուղապետարանի միջոցներով:










