ՀՀ-ն ցանկանում է պատժողական քրեական քաղաքականությունից անցում կատարել վերականգնողականի. փաստաբան
Այսօր Եվրոպայի խորհրդի գրասենյակի կողմից իրականացվող «Հայաստանում պրոբացիայի ներդրման աջակցություն» ծրագրի շրջանակներում ԶԼՄ ներկայացուցիչների համար կազմակերպվել էր պրոբացիոն ծառայության առանձնահատկությունները և ներդրման հնարավորությունները թեմայով դասընթաց:
«Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպությունը, քրեական արդարադատության ոլորտի փորձագետ Արշակ Գասպարյանը նշեց, որ պրոբացիոն ծառայության վերաբերյալ ԶԼՄ-ներում քիչ ինֆորմացիա կա:
Նա ասաց, որ պրոբացիոն ծառայությունը փորձություն է հանցագործություն կատարած անձի և հասարակության համար: «Պետք է հավատ լինի, որ մարդ կարող է փոխվել, դա է այս ծրագրի ողնաշարը»,-ասաց նա:
Արթուր Հովհաննիսյանը՝ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալը, ներկայացրեց, թե Հայաստանում ինչ իրավական հիմքեր են ստեղծվել, նախագծային մակարդակով ինչ ակտեր կան, ինչ ֆունկցիաներ են տրվելու Հայաստանում գործող պրոբացիոն ծառայությանը, որովհետև պրոբացիան տարբեր երկրներում տարբեր ծավալներ է իրականացնում:
«Հայաստանը ցանկանում է պատժողական քրեական քաղաքականությունից անցում կատարել վերականգնողական քրեական քաղաքականության, և առաջնայինը դիտվելու է անձը և ոչ թե նրա արարքը»,- ասաց նա և նշեց, որ նախատեսվում է, որ շատ մարդիկ,ովքեր հանրորեն վտանգավոր արարք կատարած կլինեն, նրանց ուղղման վերասոցիալական գործառույթները նկատմամբ կիրականացվեն հասարակությունում, այլ ոչ թե քրեակատարողական հիմնարկներում:










