Ադրբեջանն անընդհատ ԼՂ հարցը տանում է տարբեր միջխորհրդարանական ատյաններ, որտեղ խնդիրը լուծվում է պարզ քվեարկությամբ. Շ. Քոչարյան

20:33 • 23.10.15

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող ՆԱՏՕ-ի զեկույցը, որտեղ ՆԱՏՕ-ն  ԼՂ հակամարտության համար մեղադրել է Ռուսաստանին հակամարտության ծագման և ներկա փուլի համար,  ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը չի կարևորում:

 

Tert.am-ի հետ զրույցում փոխնախարարը նշեց, որ պատգամավորական ժողովներում տարբեր ձևակերպումներ կարող են լինել: «Սակայն ինչ վերաբերում է բուն գործընթացին, ապա այն մի բան է, տարբեր պատգամավորական վեհաժողովներում ընդունված բանաձևերն այլ բան են: Համենայնդեպս համանախագահությունն ամենալավ մասնագիտացված կառույցն է, որը տիրապետում է իրավիճակին և պատահական չէ, որ Ադրբեջանն անընդհատ փորձում է հարցը տանել տարբեր միջխորհրդարանական ատյաններ, տարբեր պետությունների պառլամենտներ, որտեղ խնդիրը լուծվում է պարզ քվեարկությամբ»,-ասաց նա:

 

Իսկ թե ինչպես է նույն ՆԱՏՕ-ն՝ ՌԴ-ի օդուժի կողմից իր դաշնակից Թուրքիայի օդային սահմանները խախտելու հարց բարձրացնում՝ անտեսելով նույն Թուրքիայի կողմից ՀՀ-ի օդային տարածքները խախտելու փաստը, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Այդ խախտումից հետո օդ են բարձրացվել համապատասխան ռազմական ինքնաթիռներ, և թուրքական ուղղաթիռներն անմիջապես հեռացել են: Ընդունված է նման դեպքերում այդպես վարվելը»: