Ռուսական ինքնաթիռները ռմբակոծել են Եփրատ գետի վրայով անցնող կամուրջը, որով ԻՊ-ը զենք-զինամթերք էր ստանում Իրաքից

10:46 • 24.10.15

Ռուսական ավիախմբի ինքնաթիռները Սիրիայում ռմբակոծել են Եփրատ գետի վրայով անցնող կամուրջը, որի միջոցով «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինները զենք- զինամթերք էին ստանում Իրաքից, հայտարարել է ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը, փոխանցում է РИА Новости-ն:

 

«Լոգիստական շղթայի հիմնական օբյեկտն է Եփրատ գետի վրայով անցնող կամուրջը Դեյր էզ Զոր շրջանում։ Ռուս օդաչուների կողմից տվյալ օբյեկտին հասցվել է կետային հարված, որի արդյունքում կամուրջն անպիտան է դարձել ահաբեկիչների կողմից հետագա օգտագործման համար»,- ասել է Կարտապոլովը։

 

Նրա խոսքով` Իրաքից ԻՊ-ի խմբավորման համար զենք-զինամթերքի և նյութական միջոցների այդ երթուղին բացահայտել են ռուս անօդաչուները։

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ից, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի խնդրանքով, Ռուսաստանը կործանիչներ է ուղարկել Սիրիա ու սկսել ավիահարվածներ հասցնել ԻՊ-ի և այլ ահաբեկչական խմբավորումների դիրքերին։