Սիրիան պետք է պատրաստվի ընտրությունների. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը վստահ է, որ Սիրիան պետք է պատրաստվի խորհրդարանական ու նախագահական ընտրությունների, քանի որ երկրում քաղաքական գործընթացներում առաջխաղացման միտում կա. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
«Սիրիայի հանդեպ, անգամ շարունակվող «հակաասադական» հռետորաբանության պայմաններում հասունանում է իրադրության ճիշտ ընկալումը: Դա մեզ հույս է տալիս, որ առաջիկայում ամեն դեպքում քաղաքական գործընթաց կսկսվի. արտաքին խաղացողների միջամտությամբ սիրիացիները կարող են նստել բանակցային սեղանի շուրջ»,- ասել է Լավրովը:
Նախարարը հավելել է, որ հակամարտության արտաքին մասնակիցներն ի վիճակի չեն լուծել Սիրիայի քաղաքական հարցերը:
«Իհարկե, պետք է պատրաստվել ընտրությունների՝ թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանական»,-ասել է Լավրովը:
Բացի այդ, Լավրովը տեսակետ է հայտնել, որ Եվրոպան պետք է քաղաքական դերակատարություն ունենա սիրիական հակամարտության լուծման հարցում, քանի որ միգրացիոն ճգնաժամի ակունքները հենց այնտեղ են:










