«Նուբարաշեն» ՔԿՀ-ում է ՄԻՊ գրասենյակի կողմից ձևավորված աշխատանքային խումբը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հանձնարարականով այսօր կրկին ձևավորվել է աշխատանքային խումբ, և այս պահին գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի գրասենյակի Facebook-ի էջից:
«Նկատի ունենալով երեկ տարածված լուրերն ազատազրկվածների նկատմամբ կիրառված բռնությունների մասին՝ Օմբուդսմենի ներկայացուցիչներն այսօր կրկին այցելել են ՔԿՀ երեկվա իրադարձությունների վերաբերյալ առավել օբյեկտիվ և բազմակողմանի պատկեր կազմելու համար»,- նշվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք,ո ր իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը իր Facebook-ի էջում գրառում էր կատարել նշելով, որ Նուբարաշեն ՔԿՀ-ում կալանավորները ահավոր աղմուկ են բարձրացրել: Նա հայտնում է, որ որոշ տեղեկություններով ներսում կալանավորների նկատմամբ բռնություններ են գործադրել, մյուսներն այսպիսով իրենց բողոքն են արտահայտում:
ՀՀ Արդարադատության նախարարությունից պարզաբանել էին, որ ազատազրկված անձանց նկատմամբ կատարված բռնությունների վերաբերյալ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:










