Նաիրիտցիները կրկին դիմելու են ՀՀ Նախագահին

20:07 • 24.10.15

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները կրկին դիմելու են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ երկու նամակով: Առաջին նամակը վերաբերում է գործարանի վերագործարկմանը:


«Դիմում ենք նախագահին, որ նա վերցնի իր անմիջական ուշադրության ներքո և հնարավորինս արագ լուծվի այդ գործընթացը»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց գործարանի նախկին մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը:


Հաջորդ նամակով նաիրիտցիները խնդրում են նախագահի միջամտությունը՝ աշխատավարձի 18 ամսվա պարտքի վերաբերյալ, որի լուծումը, ըստ աշխատակիցների, մասնակի է եղել:


«Մենք բոլորս մի պայմանագիր ստորագրեցինք, համաձայն որի՝ տույժեր և տուգանքներ ստանալու մեր իրավունքը փոխանցեցինք «Նաիրիտ 2»-ին: Բնականաբար, դա արվել է լուրջ ճնշման ներքո, երբ մարդը հացի գումար չունի և իրեն ասում են, որ քո բուն աշխատավարձն էլ չենք տա, եթե այդ պայմանագիրը չստորագրես, դա նույնիսկ քաղաքացիական օրենսգրքով ստրկացուցիչ պայմանագիր է, որի չեղարկման համար դիմում ենք նախագահին»,- ասաց Անուշ Հարությունյանը՝ ապա հավելեց, թե Նախագահին են դիմում, ոչ թե դատարաններ, որովհետև դատական ատյաններից որևէ հույս չունեն:


Նամակները Նախագահին կհանձնեն, երբ բոլոր ստորագրությունները պատրաստ լինեն:


«Ուզում ենք ցույց տալ մեր հանրապետության պաշտոնատար անձանց, որ երկրում, տոտալ ինքնագործունեություն է, եթե դատարանի որոշումը չի կատարվում, այլևս ո՞ւր դիմի քաղաքացին, եթե դիմում է դատարան, ստանում է  որոշում, սակայն այդ որոշումը չի կատարվում: Այդ որոշումով հանդերձ նրան պարտադրվում է ստորացուցիչ գործարք: Այդ պատճառով էլ որոշել ենք դիմել երկրի նախագահին»,- տեղեկացրեց Անուշ Հարությունյանը: