Ոչնչացվել է ավելի քան 800 օբյեկտ. ՌԴ ՊՆ-ն ամփոփել է Սիրիայում իր մոտ մեկամսյա ռազմական ներկայության արդյունքները

17:27 • 24.10.15

Սիրիայում ռազմական գործողությունների սկսումից ի վեր Ռուսաստանի ռազմա-տիեզերական ուժերի թռիչքների թիվը մոտեցել է հազարի:

 

Interfax-ը հայտնում է, որ Ռուսաստանի ՊՆ-ի հրապարակած տվյալների համաձայն մոտ մեկամսյա գործողությունների ընթացքում ռուսական օդանավերը 934 մարտական թռիչք են իրականացրել: Դրանց ընթացքում ոչնչացվել է ահաբեկիչների 819 օբյեկտ: 

 

Միայն վերջին շաբաթվա ընթացքում ոչնչացվել է 363 օբյեկտ, այդ թվում` 71 հրամանատարական կետ ու կապի հանգույց, պայթուցիկների արտադրության 10 գործարան, 30 տարբեր պահեստ և այլն:

 

Կառույցից ընդգծել են, որ խոցվում են միայն այն թիրախները, որոնց պատկանելությունը «Իսլամական պետություն» խմբավորմանը հաստատված է:

 

Ռուսաստանը Սիրիայի քառամյա պատերազմին միջամտել սկսել է սեպտեմբերի 30-ից: