Սայենթոլոգիայի եկեղեցու դեմ դատական գործընթաց է սկսվել Բրյուսելում

14:11 • 26.10.15

Բրյուսելում երկուշաբթի օրը «Բելգիայի սայենթոլոգիայի եկեղեցու» և «Եվրոպայի սայենթոլոգիայի եկեղեցու», ինչպես նաև այդ կրոնական կազմակերպությունների 11 անդամների նկատմամբ դատական գործընթաց է սկսվել, գրում է РИА Новости-ն։

 

Սայենթոլոգիայի եկեղեցու դեմ ամենախոշոր դատական գործերից մեկի մեղադրյալները մեղադրվում են մասնավորապես հանցավոր դավադրության, խարդախության և դրամաշորթության, անօրինական բժշկական գործունեության, ինչպես նաև մասնավոր կյանքի պաշտպանության մասին օրենքը խախտելու համար։

 

Բելգիացի իրավապահ մարմինները հետաքննություն են վարում սայենթոլոգների գործունեության վերաբերյալ 1997 թվականից:

 

Նշվում է, որ եթե դատարանը մեղադրյալներին մեղավոր ճանաչի, Սայենթոլոգիայի եկեղեցին կարող է ապօրինի հայտարարվել Բելգիայում, որտեղ այն գործում է 1970-ական թվականների սկզբից ի վեր և ունի մոտ 500 հետևորդ։