Գվատեմալայի նոր նախագահ է ընտրվել կատակերգու դերասան Ջիմի Մորալեսը
Ազգային միասնության ճակատի թեկնածու Ջիմի Մորալեսը վստահորեն հաղթել է Գվատեմալայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ընտրատեղամասերից ստացված քվեաթերթիկների 94%-ի մշակման արդյունքներով` նա հավաքել է ձայների 68.98%-ը։
Մորալեսի մրցակցուհի Սանդրա Տորեսը, որը ներկայացնում է ձախակողմյան Հույսի ազգային միությունը, ստացել է ձայների 31.02%-ը: Նա արդեն ընդունել է իր պարտությունը և շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրեն աջակցել են:
Ընտրություններն ընթացել են բավականին հանգիստ պայմաններում, սակայն, միևնույն է, մասնակցությունը բավականին ցածր է եղել, և ընտրություններին չի քվեարկել 7.5 մլն բնակչության գրեթե 52%-ը:
Մորալեսը, ով մեծ ճանաչում է ձեռք բերել որպես կատակերգու դերասան, քաղաքականություն է եկել միայն 2011-ին: Նախընտրական քարոզարշավի ընթացքում նա խոստացել է պայքարել կաշառակերության դեմ:
Նորընտիր նախագահի երդման արարողությունը կկայանա 2016թ. հունվարի 14-ին:










