Շոտլանդիայի օդանավակայաններում չվերթները հետաձգվել են՝ տեխնիկական խափանման պատճառով

13:54 • 26.10.15

Շոտլանդիայի դիսպետչերական ծառայության աշխատանքում տեխնիկական խափանման պատճառով Էդինբուրգի օդանավակայանում երկուշաբթի օրն ավիաչվերթներ են հետաձգվել, հաղորդում է ТАСС-ը՝ վկայակաչելով օդանավակայանի կայքը։

 

«Թռիչքների կառավարման շոտլանդական կենտրոնի աշխատանքում խափանումների հետևանքով այսօր առավոտյան կհետաձգվեն բոլոր չվերթները»,- ասված է հայտարարությունում։

 

Ավիաերթևեկության կառավարման բրիտանական ազգային կենտրոնի տվյալներով՝ տեխնիկական խափանումը տեղի է ունեցել անցած գիշեր Պրեստվիկի դիսպետչերական կենտրոնում։

 

«Պատճառը պարզվել է, և այժմ տարվում են անհրաժեշտ աշխատանքները»,- նշված է ազգային կենտրոնի հաղորդագրությունում:

 

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ խափանումն անդրադարձել է նաև Շոտլանդիայի մյուս երկու խոշոր օդանավակայանների՝ Գլազգոյի և Աբերդինի օդանավակայանների աշխատանքի վրա։