Հարավային Ասիան ցնցվել է երկրաշարժից. կան տասնյակ զոհեր (լուսանկարներ)
Այսօր 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանի Հինդուկուշ շրջանում և զգացվել է Հարավային Ասիայի մեծ մասում։ Երկրաշարժի հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել և ավելի քան 100 հոգի վիրավորվել, գրում է The Daily Mail-ը։
ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Աֆղանստանի հյուսիս-արևելքում գտնվող Ջուրմ բնակավայրի մոտ՝ մայրաքաղաք Քաբուլից 250 կիլոմետր հեռավորության վրա, իսկ հիպոկենտրոնը՝ 213.5 կմ խորության վրա։
Էպիկենտրոնը մոտ է 2005 թվականի հոկտեմբերին գրանցված 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի վայրին, որի հետևանքով ավելի քան 75.000 մարդ էր մահացել և 3,5 միլիոն մարդ տեղահանվել։
Փրկարարական աշխատանքները ղեկավարող թիմի ներկայացուցիչ Լաթիֆիր Ռեհմանի խոսքով՝ 21 հոգի է մահացել և 200 հոգի վիրավորվել է հյուսիսարևմտյան Խայբեր Պախտունխվա շրջանում: Մեկ այլ պաշտոնյա՝ Ֆիազ Խանը հայտնել է, որ առնվազն 8 մարդ է զոհվել և 70 հոգի վիրավորվել է Աֆղանստանին սահմանակից Բաջաուր շրջանում։
Աֆղանստանի Թախար շրջանում առնվազն 12 ուսանող է մահացել հրմշտոցների հետևանքով, երբ փորձել են դուրս փախչել ցնցվող շենքից:
Երկրաշարժը, որն առնվազն մեկ րոպե է տևել, զգացվել է Քաբուլում, Իսլամաբադում և Նյու Դելիում:
















