Շվեյցարիան և Աբխազիան հայտնվել են ՌԴ հարկային ծառայության «սև ցուցակում»
Ռուսաստանի դաշնային հարկային ծառայությունը հրապարակել է երկրների «սև ցուցակի» իր տարբերակը, որոնց հետ Ռուսաստանը չունի հարկային տվյալների փոխանակում, կամ այդ փոխանակումը «հաջող» չէ։
Ցանկում է հայտնվել 119 երկիր, ինչպես նաև 18 տարածք, ինչպես Հոնկոնգը, գրում է gazeta.ru-ն։
Երկրների «սև ցանկում» են հայտնվել մասամբ ճանաչված Աբխազիայի և Հարավային Օսիայի Հանրապետությունները, Բրազիլիան և Հարավաֆրիկյան Հանրապետությունը, ինչպես նաև Չինաստանի տարածք համարվող Հոնկոնգը։ Ցանկում կան նաև մեծ քանակությամբ կղզի- հանրապետություններ, ինչպես նաև երկրներ, որոնց օրենսդրությունն ուղղված է օտարերկրյա միջոցների ներգրավմանը՝ Շվեյցարիա, Ավստրիա, Մեծ Բրիտանիա, Լյուքսեմբուրգ և այլն։
«Սև ցանկի» ստեղծման անհրաժեշտությունը կապված է օտարերկրյա ընկերությունների մասին օրենքի հետ, որի համաձայն օտարերկրյա ակտիվների ռուս սեփականատերերը հարկվելու են: Այդ հարկի տակ են հայտնվում միայն օֆշորային դրամապանակները՝ ընկերությունները, որոնք շահույթ են կուտակում, որը Ռուսաստանից փոխանցվում է պասիվ եկամուտների տեսքով։










