Մինսկի խումբն արդեն կանգնել է ճիշտ ուղու վրա. Հավասարության նշանը դուրս է բերվում. Վ. Բաղդասարյան
Ադրբեջանական ագրեսիան պետք է հասցեական պատասխան ստանա: Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցին: «Ագրեսիայի հեղինակների և մեր միջև առկա հավասարության նշանը պետք է հանվի»,- նշեց Վահրամ Բաղդասարյանը:
Հարցին՝ Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը տեղի կունենա՞, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Չեմ կարծում, որ եթե հանդիպեն, դա որևէ արդյունք կտա, որովհետև ցանկացած հանդիպման ժամանակ Ալիևը դրժում է իր խոսքերը: Ամեն դեպքում հանդիպումը չենք բացառում, բայց չեմ կարծում, որ դա որևէ բան կփոխի»:
Ըստ Վահրամ Բաղդասարյանի՝ Մինսկի խմբի ձևաչափն իրեն չի սպառել, հակառակը՝ Մինսկի խումբն «արդեն կանգնել է ճիշտ ուղու վրա»: «Համանախագահները, պետությունները հասկացան, թե ովքեր էին հատկապես վերջին սահմանային միջադեպերը, որ երկիրն է սադրում: Ադրբեջանական ագրեսիան կարծես բացահայտվում է, հավասարության նշանն աստիճանաբար դուրս է գալիս»,- շեշտեց Բաղդասարյանը:










