Բելգիայում փախստականները կկրեն նույնականացման բեջեր

16:53 • 27.10.15

Բելգիայում փախստականներին ապաստան տրամադրելու դիմումի քննարկման և թագավորության տարածքում ժամանակավոր կենտրոններում գտնվելու ընթացքում կտրամադրվեն նույնականացման բեջեր (անվանաքարտեր)՝ լուսանկարով, ազգանունով և կենտրոնի հասցեով։ Այդ մասին հայտարարել է Բելգիայի ներքին գործերի նախարար Յան Յամբոնը, գրում է РИА Новости-ն։

 

Նրա խոսքով՝ այդ միջոցը թույլ կտա ոստիկանությանն անհրաժեշտության դեպքում նույնականացնել փախստականի ինքնությունը: Բացի այդ, կուժեղացվի փախստականների կենտրոններ այցելողների հսկողությունը, նրանք պետք է նախապես գրանցման ընթացակարգ անցնեն։

 

Յամբոնի հայտարարությունն արդեն կտրուկ քննադատության է արժանացել Amnesty International միջազգային կազմակերպության բելգիական մասնաճյուղի կողմից, որի ներկայացուցիչն այդ միջոցները «խայտառակ» է անվանել։

 

Fedasil փախստականների ընդունման դաշնային գործակալության տվյալների համաձայն՝ սեպտեմբերի վերջի դրությամբ Բելգիայում կա ապաստանի համար դիմած ավելի քան 22,6 հազար փախստական:

 

Բելգիայի իշխանությունները մտահոգված են Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից փախստականների զանգվածային հոսքի պատճառով: Նրանց բնակեցման համար երկրի իշխանությունները մինչև տարվա վերջ մտադիր են մեծացնել ժամանակավոր կենտրոնների տեղերի քանակը՝ ներկայիս 23 հազարից հասցնելով 36 հազարի։

 

Բելգիայում փախստականները կկրեն նույնականացման բեջեր