Հայոց ցեղասպանությունն անժխտելի իրողություն է. Ջորջ Քլունի
Ամերիկյան հայտնի դերասան Ջորջ Քլունին համոզված է, որ հայերի նկատմամբ 1915 թվականին կատարվածը Ցեղասպանություն էր: Նա Հարավային Կալիֆորնիայի հանրային ռադիոյին տված հարցազրույցում Հայոց ցեղասպանությունն իրողություն է անվանել ու անթույլատրելի համարել ժխտումը:
«Հայոց ցեղասպանություն եղել է: Դա անժխտելի է: Այժմ պատմո ւթյունը փոխվել է, և թուրքերը չեն ցանկանում խոսել դրա մասին: Եվ քանի որ մենք ռազմական բազաներ ունենք (Թուրքիայում), հանկարծ բոլոր քաղաքական գործիչները, ովքեր մինչ այդ ասում էին`«Այո, այնտեղ ցեղասպանություն է եղել», այժմ դրա մասին չեն կարող խոսել: Դուք չեք կարող դա այդպես անվանել: Ես բազմաթիվ քննարկումներ եմ ունենում սենատորների հետ, որտեղ ասում եմ. «Կարո՞ղ ենք խոսել Հայոց ցեղասպանության մասին», և նրանք ասում են. «Բացարձակապես ոչ, որովհետև Թուրքիան ահաբեկչության դեմ պատերազմում մեր գործընկերն է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է Քլունին:
Ի դեպ, Քլունին այդ ամենը նշել է` պատասխանելով հարցին` ինչ կարելի է անել որպես դերասան կամ ռեժիսոր, որն ավելի արդյունավետ կարող է լինել, քան թեկնածության առաջադրումը:
«Չեմ կարծում, որ կարող է լինել ավելի արդյունավետ միջոց: Որպես դերասան դու չես կարող քաղաքականությամբ զբաղվել: Այն ամենն, ինչ կարող ես անել, խնդիրը բարձրաձայնելն է: Բայց ես չեմ կարող գնալ փոխզիջման կամ գործարքներ կնքել»,-ասել է սիրված դերասանը:
Ջորջ Քլունին իր կարիերայի ընթացքում աջակցել է բազմաթիվ բարեգործական նախաձեռնությունների։ Նրա մարդասիրական ջանքերը լայն ճանաչում ունեն աշխարհում։ Հայտարարվել է,որ 2016-ի ապրիլի 24-ին Քլունին Երևանում կմասնակցի նորաստեղծ «Ավրորա» ամենամյա մրցանակաբաշխությանը: Մարդասիրական մրցանակը հիմնադրվել է հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի ջանքերով:










