Ոստիկանությունը կզանգահարի Դուբայի այն բնակիչներին, որոնք հայտարարում են, թե «դժբախտ» են. լրատվամիջոցներ

10:21 • 27.10.15

Արաբական Միացյալ Էմիրությունների ոստիկանությունը կարող է զանգահարել Դուբայ քաղաքի այն բնակիչներին, որոնք հայտարարում են, թե «դժբախտ» են, գրում է РИА Новости-ն։

 

The Independent-ի տեղեկություններով՝ խոսքն առցանց հետազոտության մասին է, որի նպատակն է Դուբայը մինչև 2021 թվականը ներառել «աշխարհի 10 ամենաերջանիկ քաղաքների ցանկում»։ 

 

Հարցման մասնակիցներին առաջարկվում է ընտրել, թե ինչպես են իրենք գնահատում իրենց տրամադրությունը՝ դժգոհ դեմքի արտահայտությամբ, ժպիտով թե ուղիղ գծով, որը ցույց է տալիս տպավորությունների բացակայությունը։ Հետազոտության առաջին օրը քաղաքի իշխանություններն ավելի քան 200 հազար պատասխան են ստացել. քաղաքի բնակիչների 84 տոկոսը «երջանիկ է եղել», 10 տոկոսը՝ «դժբախտ», 6 տոկոսը՝ «չեզոք» տրամադրված:

 

«Ոստիկանությունը հայտարարում է, որ կզանգի նրանց, ովքեր ասում են, որ դժբախտ են, ինչը մտահոգում է որոշ փորձագետների: Եթե մեր կողմից խնդիրը վերահսկելի է, մենք կօգնենք նրանց, եթե դա այլ կառավարական հաստատության գործն է, մենք կփոխանցենք գործը»,- հայտարարել է Դուբայի ոստիկանության ներկայացուցիչը:

 

Հաղորդվում է նաև Դուբայի էմիրության պետական հաստատություններում «երջանկության չափման» ուղղությամբ ջանքերի մասին։ Այցելուները կարող են արձագանք թողնել գրասենյակներ կատարած այցելությունների մասին պետծառայողների աշխատավայրերի կողքին տեղադրված պլանշետների օգնությամբ։