Հնդկաստանը մտադիր է 6 մլրդ դոլարով ավտոճանապարհ կառուցել Չինաստանի հետ վիճելի տարածքում
Հնդկաստանը պատրաստվում է 6 միլիարդ դոլարի ներդրում անել Պեկինի և Դելիի միջև վեճի առարկա հանդիսացող Արունաչալ-Պրադեշ հյուսիսարևելյան նահանգում ավտոճանապարհի կառուցման համար, հաղորդում է gazeta.ru-ն։
Նահանգի ներքին գործերի նախարար Կիրեն Ռիջիջուի խոսքով՝ 2000 կիլոմետր երկարությամբ ավտոճանապարհի կառուցումը պետք է սկսվի 2018 թվականի սկզբին։
«Եթե Չինաստանը զարգացնում է իր տարածքի հատվածը, մենք կզարգացնենք մերը»,- ասել է նախարարը։
«Հնդկաստանը չի կարողացել արդարացնել սահմանի երկայնքով ապրող մարդկանց հույսերը: Այժմ մենք կոնկրետ քայլեր ենք ձեռնարկում»,- հավելել է Ռիջիջուն։ Նրա խոսքով՝ Հնդկաստանի պլանները չպետք է ընկալվեն որպես Չինաստանի դեմ ուղղված վտանգ։
«Մենք ոչինչ չենք անում, ինչը կարող է վատացնել հարաբերությունները: Դա Չինաստանի հետ պայքար չէ, այլ մեր սեփական տարածքի պաշտպանություն»,- պարզաբանել է նահանգի ներքին գործերի նախարարը:
Նշվում է, որ Արունաչալ-Պրադեշ նահանգը հիմնվել է 1962 թվականի չինա-հնդկական պատերազմից հետո վիճելի տարածքում: Այնտեղ ապրում է մոտ 1,4 միլիոն հնդիկ, որը կազմում է երկրի ողջ բնակչության 1 տոկոսը։










