Մերկելի «ոսկե դարաշրջանն» ավարտին է մոտենում. Financial Times
Միգրացիոն ճգնաժամը, որն ընդգրկել է եվրոպական երկրները, դարձել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի «դարաշրջանի» մայրամուտն ավետողը, գրում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով Financial Times թերթը։
Դեռ վերջերս Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ուներ բոլոր հիմքերը համարվելու աշխարհի ամենահաջողակ քաղաքական գործիչներից մեկը: Նրան հաջողվել է դառնալ Հին աշխարհի գլխավոր քաղաքական դեմքը, դեռ չասած Գերմանիայի մասին, որտեղ նա երեք անընդմեջ հաղթանակ է տարել ընտրություններում։
Այժմ, երբ երկիրը հավանաբար ավելի քան 1 միլիոն փախստական կընդունի միայն այս տարի, Մերկելի բարձր վարկանիշը սկսում է նվազել, գերմանական հասարակության շրջանում ավելանում է մտահոգությունը, ավելանում է նաև Մերկելի հասցեին իր կուսակցականների կողմից հնչող քննադատությունը:
Նրա մերձավոր քաղաքական աջակիցներից մեկը խոստովանում է, որ Մերկելը կարող է հեռանալ կանցլերի պաշտոնից մինչև 2017 թվականի հաջորդ ընտրությունները: Մերկելի չորրորդ անընդմեջ ղեկավարության գաղափարը, որը լայնորեն քննարկվում էր դեռ մի քանի ամիս առաջ, այժմ անհավանական է թվում, գրում է հեղինակը։
Նրա կարծիքով՝ Մերկելի կառավարությունը կորցրել է փախստականների հետ կապված իրավիճակի նկատմամբ հսկողությունը։










