Թուրքիան «Գազպրոմի» դեմ հայց է ներկայացրել դատարան
Թուրքիան, լինելով ռուսական գազի՝ մեծությամբ երկրորդ գնորդը, հայց է ներկայացրել Ստոկհոլմի արբիտրաժային դատարան՝ վառելիքի մատակարարման մասին պայմանագրի պայմանների վերանայման առնչությամբ։ Այդ մասին գրում է Bloomberg-ը՝ Թուրքիայի էներգետիկայի նախարարությանը հղումով։
Թուրքական Botas պետական ընկերության հաղորդմամբ՝ խոսքը 2014 թվականի դեկտեմբերի 29-ից պայմանագրի հետադարձ ուժով վերանայման մասին է։ Հայցի մասին գրավոր տեղեկանքը երկուշաբթի ուղարկվել է «Գազպրոմ էքսպորտ»-ին։
Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվել են ռուսական գազի գների նվազեցման մասին դեռ մեկ տարի առաջ, բայց այդ պայմանավորվածությունը կապվել է «Թուրքական հոսք» գազատարի կառուցման թույլտվության հետ։ Թուրքիայում կառավարության փոփոխության հետ կապված՝ գազամուղի կառուցման մասին միջկառավարական համաձայնագրի ստորագրումը հետաձգվել է, չեն ստորագրվել նաև զեղչի մասին փաստաթղթերը։
Թուրքիան ռուսական գազի սպառման ծավալով երկրորդ տեղում է՝ իր տեղը զիջելով Գերմանիային։
Հիշեցնենք, որ հոկտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է, որ Անկարան կարող է վերանայել ռուսական գազի գնումների հարցը՝ հարաբերությունների սրման պատճառով։










