Եգիպտոսում ուսուցիչը խոսելու համար 40 անգամ մտրակել է աշակերտին
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի դպրոցներից մեկում ուսուցիչը մտրակի 40 հարվածի է ենթարկել 4-րդ դասարանի աշակերտներից մեկին` դասաժամին խոսելու համար։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, Բիբավի անունով աշակերտը պատմել է, որ դասի ժամանակ խնդրել է իր առջև նստած աշակերտին մի կողմ քաշվել, որպեսզի ինքը տեսնի գրատախտակը: Դրանից հետո ուսուցիչը բարկացել է, փակել դասարանի դուռը, ծեծել Բիբավիին ու նրան ռետինե լարով մտրակել։
Տղայի հոր՝ Ֆրաջ Ֆարաջալլահի խոսքով՝ ինքն աշխատանքի է եղել, երբ անծանոթ մեկից հեռախոսազանգ է ստացել ու տեղեկացել որդու հետ պատահածի մասին:
«Երբ ես հասա դպրոց, այն արդեն փակ էր, բոլոր ուսուցիչներն ու տնօրենը գնացել էին` արնահոսող որդուս միայնակ թողնելով դասասենյակում։ Տղայիս համադասարանցիները մանրակրկիտ պատմել են ինձ, թե ինչպես է ուսուցիչը դաժանորեն պատժել նրան»,-ասել է Ֆարաջալլահը:
Աղբյուրը հավելում է, որ միջադեպի` ԶԼՄ-ների կողմից ակտիվորեն լուսաբանվելուց հետո երկրի կրթության նախարարության հրամանով ուսուցիչը հեռացվել է աշխատանքից:










