ԻՊ-ը հարձակման է անցել Հալեպի մոտակայքում. WSJ

15:14 • 28.10.15

Սիրիայում «Իսլամական պետության» գրոհայինները փակել են Հալեպի շրջանում Բաշար ալ-Ասադի բանակի խոշոր մատակարարման ճանապարհը։ Այդ մասին, վկայակոչելով սիրիական ընդդիմության ակտիվիստներին, հայտնում է The Wall Street Journal թերթը։

 

Երեքշաբթի օրն ԻՊ-ի և կառավարական զորքերի միջև մարտերը շարունակվել են Ալ-Սաֆիրա քաղաքի շրջակայքում: Ակտիվիստներից մի քանիսը հայտարարել են, որ գրոհայիններն արդեն վերահսկում են Հալեպից Ասադի բանակի մատակարարման կարևոր ճանապարհին գտնվող քաղաքի առանձին թաղամասերը։

 

ԻՊ-ի հետ կապված A’maq կայքը հայտնում է, որ մարտերն արդեն մի քանի օր ընթանում են սիրիական բանակի մատակարարման ճանապարհի երկայնքով, մասնավորապես՝ Ալ-Սաֆիրայից հարավ գտնվող Աթրիայի և Խանասերի միջև։

 

Ինչպես նշում է WSJ-ն, գրոհայինների կողմից սիրիական բանակի մատակարարման գծի գրավման մասին տեղեկությունը ստացվել է Հալեպի շրջանում Ասադի զորքերի և դաշնակիցների հարձակումից երկու շաբաթ անց։

 

Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ կամավորական ջոկատներում աղբյուրներին հղումով, հայտնել էր, որ Սիրիայի բանակը կամավորական ջոկատների օգնությամբ ազատագրել է Հալեպ նահանգի հարավ- արևելքում գտնվող 50 բնակավայր՝ մոտ 120 քառակուսի կիլոմետր ընդհանուր տարածքով: