Չեռնոգորիան կրկին մեղադրել է Մոսկվային բողոքի ակցիաներին ներգրավվածության համար

10:26 • 28.10.15

Չեռնոգորիայի (Մոնտենեգրո) կառավարությունը Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը գնահատել է որպես բողոքի ակցիաներին Մոսկվայի ներգրավվածության հաստատում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

«Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության բաժնի հայտարարությունը հաստատում է ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիային Ռուսաստանի մասնակցության մասին վարչապետ Միլո Ջուկանովիչի հայտարարության ճշմարտացիությունը»,- ասված է կառավարության հաղորդագրության մեջ։

 

Չեռնոգորիայի իշխանություններն ընդգծում են, որ ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունը, որը մտահոգություն է հայտնել խաղաղ ցուցարարների դեմ բռնության կիրառման վերաբերյալ, մոռանում է, որ «այդ խաղաղ ցուցարարները» ոստիկանության վրա այրվող լուծույթով շշեր են նետել և փորձել են բռնությամբ գրավել խորհրդարանը և պետական հեղաշրջում կատարել։

 

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն հրապարակել է Չեռնոգորիայի վարչապետ Միլո Ջուկանովիչի մեղադրանքի պատասխանը։ Վերջինս կարծում է, որ Ռուսաստանն է կազմակերպում երկրում հակակառավարական ցույցերը։ Նախարարությունում ընդգծել են, որ Չեռնոգորիայում լարվածությանը Ռուսաստանի մասնակցության փաստեր չկան, իսկ Ջուկանովիչը «գործում է իր շահերից ելնելով՝ փորձելով իր վրայից գցել հակամարտության աճի պատասխանատվությունը»: