ԵՄ-ն դուրս է մնացել Սիրիայի հարցով բանակցություններից. լրատվամիջոցներ

16:11 • 28.10.15

Եվրամիությունը դուրս է մնացել Սիրիայի ճգնաժամի հարցով Վիեննայում կայանալիք միջազգային բանակցություններին մասնակցելուց և ներկայացված չի լինելու անգամ որպես դիտորդ, հայտնում է Բրյուսելի տեղեկատվական B2 կայքը։

 

«Եվրոպացիներն արդեն դուրս են հանվել նախորդ շաբաթ Վիեննայում անցկացված բանակցություններից: Դա, ինքնին, նորություն է։ Այդ հանգամանքը պետք է զգուշացում լինի եվրոպացիների համար։ Հակառակ դեպքում նրանք բանակցությունների սեղանի շուրջ կհայտնվեն միայն ամերիկա-ռուսական համաձայնագրին ականատես լինելու համար»,-գրում է լրատվամիջոցը։

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրի հղումով, Սիրիայի ճգնաժամի կարգավորմանը նվիրված երկու հանդիպում տեղի կունենա Վիեննայում՝ առաջիկա երկու օրերին:

 

«Վաղը նախատեսված է նախարարական «քառյակի» (ՌԴ,ԱՄՆ, Սաուդյան Արաբիա, Թուրքիա) հանդիպումը, իսկ ուրբաթ՝ ընդլայնված հանդիպումը, որի մասնակիցների ցանկը դեռ հստակեցվում է»,-ասել է գործակալության զրուցակիցը։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բանակցություններում կարող են ներգրավվել Իրանը, Լիբանանը, Եգիպտոսը։

ԵՄ-ն դուրս է մնացել Սիրիայի հարցով բանակցություններից. լրատվամիջոցներ