ՌԴ-ի և Իրանի արտգործնախարարները քննարկել են Վիեննայում Սիրիայի հարցով կայանալիք հանդիպումը
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իրանցի գործընկերոջ՝ Մոհամմադ Զարիֆի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Վիեննայում Սիրիայի հարցով միջազգային հանդիպման հարցը, տեղեկացնում է Взгляд-ը:
Նախարարները «կարծիքներ են փոխանակել այս շաբաթ Վիեննայում նշանակված հանդիպման վերաբերյալ, որին մասնակցելու են տարածաշրջանի բոլոր հիմնական երկրներն ու քննարկելու են ահաբեկչության դեմ պայքարի համակարգումն ու միջսիրիական քաղաքական երկխոսության մեկնարկը», ասված է հաղորդագրության մեջ:
Իրանական դիվանագիտական աղբյուրը, սակայն, հայտնել է, որ Թեհրանը դեռ Վիեննայի հանդիպմանը մասնակցելու վերջնական որոշում չի կայացրել։
Սիրիայի հարցով նախորդ հանդիպումը Վիեննայում տեղի էր ունեցել ուրբաթ օրը: Քառակողմ հանդիպմանը մասնակցել էին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրն ու Թուրքիայի ԱԳ նախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն։










