Ադրբեջանական NIDA շարժումը հրաժարվել է ընտրություններին մասնակցությունից
Ադրբեջանում NIDA շարժումը հայտարարել է նոյեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու մասին։
Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, կազմակերպությունը հետ է կանչել իր առաջադրած թեկնածուներին:
Կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ շարժումը չի հավատում «ազատ և արդար ընտրությունների անցկացմանը» և համոզված է, որ «ընտրությունները հերթական անգամ կեղծվելու են, և ռեժիմը ձևավորելու է իրեն ծառայող խորհրդարան»։
«Ընտրություններին մասնակցելու որոշում կայացնելով՝ մենք նպատակ չէինք հետապնդում պատգամավորական մանդատներ ստանալ։ Մենք ցանկանում էինք նախընտրական 21-օրյա ժամանակաշրջանն օգտագործել բնակչության հետ շփվելու, ընտրողներին NIDA-ի հետ ծանոթացնելու, մեր ծրագրերն ու նպատակները մարդկանց բացատրելու, նրանց անհանգստությունները լսելու ու նրանց՝ փոփոխությունների համար պայքարելու կոչ անելու համար», -ասված է փաստաթղթում:
Դրանում նշվում է, որ նախընտրական արշավի ընթացքում իշխանությունների պահվածքը ցույց տվեց, որ նրանք պատրաստ են ընտրություններն անցկացնել իրենց ավանդական սցենարով։
NIDA-ի առաջադրած թեկնածուներից գրանցվել էին միայն երկուսը։










