Յացենյուկին վարչապետի պաշտոնում կարող է փոխարինել Ուկրաինայի ֆինանսների նախարարը. «Коммерсантъ»
Ուկրաինայում անցկացված տեղական ինքնակառավարման ընտրությունների արդյունքներով կարող է գործող վարչապետ Արսենի Յացենյուկի հրաժարականի մասին որոշում կայացվել, գրում է kommersant.ru-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահի գրասենյակում իր աղբյուրին։
Աղբյուրը նշել է, որ հրաժարականը վաղուց է հասունացել։ Նշվում է, որ ժողովուրդն արդեն աջակցություն չի ցուցաբերում Յացենյուկին և նրա «Ժողովրդական ճակատ» կուսակցությանը, այդ պատճառով նախագահ Պյոտր Պորոշենկոյի տրամաբանական քայլը կլիներ մեղադրել վարչապետին տնտեսական քաղաքականությունը ձախողելու համար։
Վարչապետի պաշտոնի հավանական թեկնածու է համարվում ֆինանսների նախարար Նատալյա Յարեսկոն, ով արդյունավետ է գործել իր պաշտոնում։
Կառավարությունում մեկ այլ աղբյուր կարծում է, որ պետք չէ շտապ եզրակացություններ անել Յացենյուկի հնարավոր հրաժարականի վերաբերյալ, որովհետև այդ մասին արդեն բազմիցս խոսվել է։










