ԱՄՆ-ն անհանգստացած է Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի ակտիվությամբ. Независимая газета
Վաղը սկսվում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի այցը Կենտրոնական Ասիայի երկրներ։ Վաշինգտոնը «C5+1» (տարածաշրջանի երկրները՝ գումարած ԱՄՆ-ն) երկխոսության նոր ձևաչափ է սկսում, որը կներկայացվի Սամարղանդում, գրում է Независимая газета-ն։
Կենտրոնական Ասիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները և ԱՄՆ պետքարտուղարը կքննարկեն տարածաշրջանային և համաշխարհային խնդիրներ, ինչպես նաև տնտեսական համագործակցության հարցեր: Փորձագետներն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի այցը դիտարկում են որպես Վաշինգտոնի արձագանք Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի և Չինաստանի ակտիվացմանը:
Ավստրիայի մայրաքաղաքից, որտեղ Ջոն Քերին մասնակցում է Սիրիայի հարցով խորհրդակցությունների, ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի կենտրոնասիական շրջագայության: Երեք օրվա ընթացքում նա կայցելի Ղրղզստան, Ուզբեկստան, Ղազախստան, Տաջիկստան և Թուրքմենստան։
«Դա կլինի տարածաշրջան Ջոն Քերիի առաջին այցը և պատմության մեջ մեկ այցելության ընթացքում կենտրոնասիական բոլոր 5 պետություններ ԱՄՆ պետքարտուղարի այցը»,- հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Ջոն Քիրբին։
Բիշքեկում Ջոն Քերին կմասնակցի Կենտրոնական Ասիայում ամերիկյան համալսարանի նոր մասնաճյուղի և ամերիկյան դեսպանատան նոր շենքի բացմանը: Սամարղանդում տեղի կունենա գլխավոր քաղաքական իրադարձությունը՝ Քերին կհանդիպի կենտրոնասիական բոլոր հինգ պետությունների արտգործնախարարներին՝ «C5+1» նոր ձևաչափով:
Աստանայում Քերին կմասնակցի «ԱՄՆ-Ղազախստան ռազմավարական գործընկերություն» երկխոսության չորրորդ նիստին և ելույթ կունենա համաշխարհային խնդիրների լուծման գործում Կենտրոնական Ասիայի դերի մասին։
Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային հետազոտությունների ինստիտուտ վերլուծական կենտրոնի տնօրեն Անդրեյ Կազանցևի կարծիքով՝ «C5+1» երկխոսության նոր ձևաչափը կոչված է փոխհատուցելու տարածաշրջանում ամերիկյան դերի որոշակի նվազեցումը, որը տեղի է ունենում Ռուսաստանի և հատկապես՝ Չինաստանի դիրքերի ամրապնդման առնչությամբ:
«Դեռ վերջերս ԱՄՆ-ն հետաքրքրվում էր Կենտրոնական Ասիայով հիմնականում «աֆղանական խնդրի» կոնտեքստում: Այժմ ամերիկյան քաղաքականությունում ավելի շատ ուշադրություն է հատկացվում Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերին, մասնավորապես՝ հետխորհրդային տարածքում Մոսկվայի ազդեցության ընդլայնմանը հակազդելուն: Այդ պատճառով Կենտրոնական Ասիան վերադառնում է, Վաշինգտոնի տեսանկյունից, ավելի ու ավելի շատ հետխորհրդային, այլ ոչ աֆղանական քաղաքականության կոնտեքստ»,- ասել է Անդրեյ Կազանցևը։










