Ընդդիմադիր քաղաքական ուժերի նպատակը այս գործընթացի վրա ցեխ շպրտելն է. Գագիկ Մելիքյանը հանրաքվեի մասին
Այսօր Ազգային ժողովը հերթական նիստում շարունակվեց նույնականացման քարտերով քվեարկության օրինականացման օրինագծի վերաբերյալ քննարկումը: «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանն իր ելույթում նշեց, որ այս օրենքի նախագծի նպատակը 182 հազար քաղաքացու ընտրական իրավունքի վերականգնում է: «Որի համար պայքարում են նաև ընդդիմադիր գործիչները, եթե հավատանք իրենց: Խնդիրն այն է, թե մենք վստահո՞ւմ ենք քաղաքացիներին քվեարկության մեջ, թե՞ չենք վստահում»,- ասաց նա:
Նա նշեց, որ ՀՀ-ում նույնականացման քարտը համարվում է անձը հաստատող փաստաթուղթ և վերջին հաշվով մենք պետք է թույլատրենք այդ մարդկանց մասնակցել քվեարկությանը:
Գագիկ Մելիքյանը նշեց, որ խնդիրն ընդամենը վստահության մեջ, է և եթե նույնիսկ մատների թանաքոտման որոշում կայացնեն, ապա ընդդիմությունը միևնույն է չի համարելու, թե հանրաքվեն անցել է օրենքի սահմաններում, ազատ արդար թափանցիկ, միջազգային չափանիշներին համապատասխան:
«Ընդդիմադիր քաղաքական ուժերի նպատակն է՝ մրոտել, ցեխ շպրտել այս գործընթացի վրա»,- ասաց նա:
Գագիկ Մելիքյանը նկատեց, որ նախկին համապետական ընտրություններին մասնակցած անձանց անձնագրերում դրված դրոշմակնիքները մինչ հիմա պահպանվում են ու ԿԸՀ-ն որոշում կայացրեց, որ դրոշմակնիքների ձևը պետք է փոխվի:
«Նույն ձևով արագ մաքրվում է մատների թանաքոտումը՝ բենզինով, ացետոնով, այդ դեպքում ի՞նչ նշանակություն ունի թանաքոտելը, մատները, ոտքերը»,- ասաց նա և նշեց, որ չնայած ասվում է, թե ցանկություն կա Սահմանադրությունն անցկացնել ցանկացած գնով,սակայն այդպիսի որևէ ցանկություն չկա, և քաղաքացիները իրենք պետք է որոշում կայացնեն:
Նա հարց բարձրացրեց, թե ինչ կապ ունի տարածքների զիջումը այս բարեփոխումների հետ, ինչպիսի կարծիք արդեն հնչել է: «Դա ինչ քաղաքական մտավարժանք էր»,-ասաց նա և նշեց, որ նույն ձևով կարող են նշել, թե այս սահմանադրական փոփոխություններով Սիրիայից տարածքներ պետք է զիջեն քրդերին:










