«Իսլամական պետությանն» անդամակցել ցանկացող ռուս ուսանողուհին ընդունել է մեղքը

14:39 • 29.10.15

Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ուսանողուհի Ալեքսանդրա Իվանովան (Վարվարա Կարաուլովա), որը փորձել էր անդամակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, ընդունել է մեղքը։ Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Ալեքսանդր Կարաբանովը։

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու համար աղջկան մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում, սակայն քննության հետ համագործակցության շնորհիվ նրա պատիժը հնարավոր է մեղմել։

 

«Նա ցուցմունք է տալիս, պատասխանում է բոլոր հարցերին, և կարծում եմ, որ փախչելու տեղ չունի, իսկ մեղքն արդեն ընդունել է։ Իմ տակտիկան այն է, որ պետք է համագործակցել քննության հետ»,-ասել է պաշտպանը։

 

Կարաբանովը հավելել է, որ մտադիր է եռօրյա ժամկետում բողոքարկել իր պաշտպանյալի կալանավորման որոշումը։

 

ԻՊ-ին անդամակցել փորձած Մոսկվայի պետական համալսարանի ուսանողուհու գործը մեծ աղմուկ է բարձրացրել Ռուսաստանում։

 

Երկրորդ կուրսի ուսանողուհին, որը տարվել էր իսլամի ուսումնասիրությամբ ու արաբերեն սովորելով, ծնողներից գաղտնի անձնագիր էր ձեռք բերել և մայիսի 27-ին մեկնել էր Ստամբուլ։


Արդեն հունիսի 4-ին նա ձերբակալվել էր թուրք-սիրիական սահմանին՝ Քիլիս քաղաքում։ Նա եղել էր ռուսներից բաղկացած 14 հոգանոց խմբում։ Ավելի ուշ Իվանովան Ինտերպոլի ու թուրքական միգրացիոն ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ հասել էր Մոսկվա։
 

«Իսլամական պետությանն» անդամակցել ցանկացող ռուս ուսանողուհին ընդունել է մեղքը