Իտալական Ռեջիո Էմիլիա քաղաքում «Մեծ եղեռն. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը» խորագրով գիտաժողով է կայացել

13:37 • 29.10.15

Հոկտեմբերի 23-ին կայացել է Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանի աշխատանքային այցը Ռեջիո Էմիլիա քաղաք: Դեսպանը ներկա է գտնվել գերմանացի գրող և իրավապաշտպան Արմին Վեգների՝ Հայոց ցեղասպանության օրերին արված լուսանկարների ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը, տեղեկացնում է armeniangenocide100.org կայքը։

 

Այնուհետև դեսպան Ղազարյանը մասնակցել է «Մեծ եղեռն. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը» խորագրով գիտաժողովին, որը կազմակերպվել էր Ռեջիո Էմիլիայի քաղաքապետարանի կողմից:

 

Գիտաժողովին ելույթներ են ունեցել դեսպան Սարգիս Ղազարյանը, Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի հիմնադիր սենատոր Ալբերտինա Սոլիանին, Istoreco ինստիտուտի փոխնախագահ Տիցիանա Ֆոնտանեզին և այլք։ Բանախոսներն ընդգծել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման խորհուրդը, թուրքական ժխտողականությունը, նոր ցեղասպանությունների կանխարգելման անհրաժեշտությունը:

 

Ցուցահանդեսն ու գիտաժողովը եզրափակել են Ռեջիո Էմիլիայում մեկ ամիս տևած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, որոնք ներառում էին գիտաժողովներ, գրքերի շնորհանդեսներ, ցուցահանդեսներ և համերգներ: