Աշխատանքն ազդում է կյանքի տևողության վրա. հետազոտություն
Ամերիկացիների կյանքի տևողությունը միջինը կրճատվում է երեք տարով աշխատանքի պատճառով առաջացած սթրեսի հետևանքով, գրում է The Washington Post-ը՝ Հարվարդի և Սթենֆորդի համալսարանների գիտնականներին հղումով։
Վերլուծություն անցկացնելու համար հետազոտողները մարդկանց բաժանել են 18 տարբեր խմբի և ուսումնասիրել են տասը գործոն, ներառյալ՝ աշխատավարձ չվճարելը, աշխատանքից հեռացնելը, բժշկական ապահովագրության բացակայությունը, երկար աշխատանքային օրը և աշխատանքն ընտանեկան կյանքի հետ համատեղելու անհրաժեշտությունը։ Այնուհետ փորձագետները գնահատել են, թե ինչ արդյունք կունենա յուրաքանչյուր գործոնը երկարակեցության վրա։
Ստացված տվյալները ցույց են տալիս, որ տարրական կրթությամբ մարդիկ առավել հավանական է, որ կբախվեն նշված գործոններին, ինչը բացասաբար կանդրադառնա նրանց կյանքի տևողության վրա: Նշվում է, որ ԱՄՆ-ի սևամորթ քաղաքացիները և լատինամերիկացիներն աշխատանքի պատճառով ավելի շատ տարիներ են կորցրել, քան փորձության մյուս մասնակիցները։
Հետազոտությունը նաև ցույց է տալիս, որ աշխատանքային սթրեսն ավելի շատ ազդում է տղամարդկանց, քան կանանց վրա։










