Մոսկվան շահագրգռված չէ ԼՂ խնդրի կարգավորմամբ. դա գործիք է՝ Բաքվի և Երևանի հետ քաղաքական խաղեր տանելու համար. Կոնրադ Զաշտոֆտ

10:02 • 29.10.15

Լայնածավալ պատերազմի վերսկսումը բացառված չէ: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ «Հայաստանյան մեդիայում միջազգային տեղեկատվության աղբյուրների բազմազանեցում» ծրագրի շրջանակներում իրականացվող մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Լեհաստանում Միջազգային հարաբերությունների ինստիտուտի ներկայացուցիչ Կոնրադ Զաշտոֆտը:


Վերջինս նշեց, որ քանի դեռ հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև չկան խաղաղապահներ, իրավիճակը կշարունակի մնալ վտանգավոր, իսկ երկու կողմերի միջև առկա բանակցային գործընթացի փակուղին, նրա խոսքով, ավելի է խորացնում իրավիճակը:

 

Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է հետխորհրդային տարածքում, մասնավորապես ԼՂ-ում, վերսկսվեն «սառը» հակամարտությունները, Կոնրադ Զաշտոֆտը պատասխանեց. «Ղարաբաղյան կոնֆլիկտն ավելի շատ հիշեցնում է «թեժ», քան «սառը» հակամարտություն: Էսկալացիան մյուս հետխորհրդային երկրներում բացառվում է: Անցյալ տարի մենք ականատեսը դարձանք Դոնբասի հակամարտության ալիքի մեծացմանը, որը Ռուսաստանի կողմից արհեստականորեն ստեղծվեց: Ի տարբերություն ԼՂ հակամարտության, այնտեղ չկար ոչ լեզվական, ոչ կրոնական, ոչ էլ մշակութային բաժանվածություն: Կոնֆլիկտը հրահրվել էր ռուսական քարոզչության, ԶԼՄ-ների կողմից, որոնք մշտապես վախեցնում էին տեղի ռուսախոս հատվածին հորինված միֆերով»:


Կոնրադ Զաշտոֆտն ասաց, թե Ղարաբաղյան հակամարտության արագ կարգավորման եղանակ չկա: Ավելին, ըստ նրա՝ առկա պայմաններում քիչ հավանական է ցանկացած առաջընթաց: 


«Ներկա պահին Ռուսաստանը համարվում է ամենաազդեցիկ արտաքին ուժը, որը ազդում է ԼՂ հակամարտության կարգավորման գործի վրա: Միաժամանակ, Մոսկվան շահագրգռված չէ հարցի կարգավորմամբ, որովհետև հակամարտությունը օգտակար գործիք է Կրեմլի ձեռքում՝ Բաքվի և Երևանի հետ քաղաքական խաղեր տանելու համար»,- շեշտեց նա:


Նա նշեց, որ թեև իրավիճակը տարեց տարի դառնում է ավելի քան վտանգավոր, միջազգային հանրությունն ի վիճակի չէ առաջարկել նոր լուծումներ:


«Մինչև Կրեմլը Արևմուտքի նկատմամբ շարունակում է «Սառը պատերազմ»-ի մոտեցումը, ԼՂ հակամարտության գործընթացում դրական փոփոխություններ քիչ հավանական են: Չի լինի միջազգային կոնսենսուս»,- ընդգծեց նա: