Ռուսաստանը բաց է ԻՊ-ի դեմ պայքարի հարցում համագործակցության համար. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան բաց է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հարցում համագործակցության համար. ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդպես է ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կոչը՝ ԻՊ-ի դեմ պայքարում համագործակցելու վերաբերյալ։
«Բոլոր փորձագետները, քաղաքական գործիչները, որոնք այժմ ակտիվ են իրենց պաշտոններում կամ թողել են դրանք ու շարունակում են իրենց ակտիվ քաղաքական գործունեությունը, ոչ միայն իրավունք ունեն հայտնելու իրենց մտածածը, այլև կարծում եմ, որ մենք պետք է նրանց լսենք ու վերլուծենք։ Ես Սարկոզիի հայտարարություններում որևէ հակասություն չեմ տեսնում, քանի որ մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր երկրների հետ, որոնք միասնական նպատակ ունեն՝ պայքարը տարածաշրջանում ահաբեկչության դեմ»,-ասել է ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովայի խոսքով՝ «խնդիրն այն է, որ մենք չենք տեսնում որևէ կոչ նման մակարդակի փոխգործակցության համար»։
Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանում դասախոսության ընթացքում Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ կոալիցիան միակ ճանապարհն է սիրիական ճգնաժամը լուծելու ու ահաբեկչության դեմ պայքարելու համար։










