Եվրոպայում այս տարի փախստականի կարգավիճակ է խնդրել ավելի քան 800.000 մարդ

11:23 • 29.10.15

Այս տարի ավելի քան 800.000 մարդ փախստականի կարգավիճակ տրամադրելու խնդրանք է ներկայացրել Եվրոպայի երկրներում, ինչը 2 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Տվյալները ներկայացրել է Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի վարչությունը:

 

«Եվրոպական 38 երկրներում փախստականի կարգավիճակ ստանալու դիմումների ընդհանուր քանակն այս տարի տատանվում է ամսական 60.000 -115.000-ի սահմանում: Նախորդ տարի հունվարից մինչև օգոստոս ժամանակահատվածում Եվրոպայում ապաստան ստանալու կարիք է ունեցել 397.000 մարդ: Այս տարվա նույն ժամանակահատվածում նման պահանջով եվրոպական պետությունների իշխանություններին է դիմել արդեն 834.000 մարդ»,- նշել են վարչությունում:

 

ԵՄ-ի առավել զարգացած երկրներում փախստականի կարգավիճակ ստանալ ցանկացողների մեծամասնությունը Սիրիայի, Աֆղանստանի և Իրաքի քաղաքացիներ են: