Ռուսաստանն ընդլայնել է Սիրիայում ավիահարվածների աշխարհագրությունը. Reuters

17:21 • 29.10.15

Ռուսական ռազմական ինքնաթիռները ենթադրաբար առաջին անգամ գիշերը հարվածներ են հասցրել Սիրիայի հարավում Դերաա շրջանում գտնվող օբյեկտներին։ Այդ մասին հայտարարել է տարածաշրջանում գործող ապստամբների խումբը, ինչպես նաև մոնիթորինգային խումբը, որը հետևում է հակամարտության զարգացմանը, հաղորդում է Reuters-ը։

 

Եթե այդ տեղեկատվությունը հաստատվի, ապա Թել ալ-Հարա քաղաքի շրջանում օդային հարվածները կդառնան ամենահեռավոր կետը, որին ռուսական կործանիչները հարված են հասցրել Սիրիայում ռազմական արշավի շրջանակում։

 

«Ինքնաթիռները, հավանաբար, ռուսական էին»,- ասել է ապստամբների խմբերից մեկի՝ Yarmouk Army-ի գրասենյակի ղեկավար Բաշար Զուբին և նշել է, որ սիրիական ինքնաթիռները մարտական թռիչքներ չեն իրականացրել գիշերը։

 

Syrian Observatory for Human Rights կազմակերպությունը, օգտագործելով տարածաշրջանում աղբյուրների իր ցանցը, նույնպես հայտնել է, որ ինքնաթիռները ենթադրաբար ռուսական են եղել:

 

Չորեքշաբթի օրը ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ռուսական ավիացիան 118 հարված է հասցրել մեկ օրվա ընթացքում «Իսլամական պետության» գրոհայինների օբյեկտներին։