Ռուսաստանի հետ կոալիցիան անհրաժեշտ պայման է ԻՊ-ին հաղթելու համար. Սարկոզի
Ռուսաստանի մասնակցությամբ միացյալ կոալիցիայի ստեղծումը սիրիական ճգնաժամի լուծման ու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հիմնական պայմաններից մեկն է, կարծում է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Ֆրանսիայի նախկին նախագահն այսօր գտնվում է Ռուսաստանում։ Ավելի ուշ նա հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Ռուսաստանն անհրաժեշտ գործընկեր է սիրիական ճգնաժամից ելք գտնելու համար»,-հայտարարել է Սարկոզին՝ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանում դասախոսության ընթացքում։
Նրա խոսքով՝ «արաբական հանրապետությունում ներկա վիճակը ոչ մեկին ձեռնտու չէ, և պետք չէ մասնագետ լինել՝ հասկանալու համար, որ Սիրիայում չեն կարող գործել երկու զուգահեռ կոալիցիաներ»։
Սարկոզին ընդգծել է, թե սխալ է այն մոտեցումը, երբ զուգահեռաբար գործում են երկու կոալիցիաներ, որոնց նպատակների մի մասն է միայն ընդհանուր։
«Պետք է այդ կոալիցիաները միասին լինեն։ Դա ԻՊ-ի բարբարոսներին հաղթելու միակ պայմանն է. միացյալ կոալիցիա՝ Ռուսաստանի հետ։ Դա նաև միակ միջոցն է Սիրիայում քաղաքական լուծման հասնելու համար։ Վիեննայի հանդիպումն առաջին քայլն է»,-հավելել է Սարկոզին։
Սիրիայի հակամարտության կարգավորման հարցով այսօր և վաղը Վիեննայում ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Ռուսաստանի և այլ երկրների մասնակցությամբ հանդիպումներ տեղի կունենան։










