Հանրապետականը կայացած կուսակցություն է, և մենք ընտրությունից ընտրություն չենք բացում մեր գրասենյակները. խոսնակ
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը սահմանադրական բարեփոխումների ընթացքում պատրաստ է համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ, ով համագործակցության ցանկություն կհայտնի: Այս մասին կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ միաժամանակ նշելով, որ նոյեմբերի 10-ին կլինի ԱԺ արտահերթ նիստ:
Հարցին, թե կա՞ն համագործակցության ցանկություն հայտնող քաղաքական ուժեր, ՀՀԿ խոսնակն արձագանքեց, թե Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների նախագծի քվեարկությունը ցույց է տվել, որ նման քաղաքական ուժերը շատ են, որոնց հետ ՀՀԿ-ն դեռ երկար է համագործակցելու:
Ինչ վերաբերում է նույնականացման քարտերի հետ պայմանավորված՝ քվեարկության մասնակցել-չմասնակցելու հարցին, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Մենք պետք է հնարավորություն տանք մեր 183 000 քաղաքացիներին իրացնելու իրենց սահմանադրական իրավունքը: Այսօրվա ընտրական օրենսգիրքն ամբողջությամբ հնարավորություն է տալիս վերահսկելու ընտրական պրոցեսը թե՛ դիտորդներին, թե՛ հանձնաժողովների անդամներին, թե՛ վստահված անձանց: Եթե այս կամ այն քաղաքական ուժը չունի բավարար չափով վստահված անձ, որպեսզի վերահսկի ընտրական պրոցեսը, եթե քաղաքական ուժը չի վստահում վստահված անձին, դա իր խնդիրն է»:
ՀՀԿ խոսնակն ասաց նաև, թե շատ է ափսոսում, որ ընդդիմադիր որոշ գործիչներ մեծ ջանասիրությամբ քննադատում էին Ազգային ժողովում քննարկվող այսօրվա օրինագիծը. «Նրանք նույնիսկ չսպասեցին լսելու, թե հիմնական զեկուցողն ընդունելու է իրենց առաջարկները, թե ոչ: Միայն Դաշնակցության ներկայացուցիչն էր դահլիճում»:
Շարմազանովն ասաց, թե Հանրապետական կուսակցության բոլոր պատգամավորներն ընդգրկված են քարոզչական պրոցեսի մեջ:
«Ի տարբերություն որոշ կուսակցությունների, Հանրապետական կուսակցությունը կայացած կուսակցություն է, և մենք ընտրությունից ընտրություն չենք բացում մեր գրասենյակները: Մեր շտաբերն ու գրասենյակները երբեք չեն փակվել: Մենք հինգ տարին մեկ չենք ժողովրդի հետ շփվում և կազմակերպչական խնդիրներ լուծում»,-ասաց ՀՀԿ խոսնակը:










