Սիրիական հրետանին շարժվում է Համա և Իդլիբ նահանգների ուղղությամբ

17:23 • 29.10.15

Սիրիական բանակը հրետանային կրակ է բացել Համա նահանգի հյուսիսում զինյալների ուղղությամբ և ցանկանում է ազատագրել Համա և Իդլիբ նահանգները, հաղորդում է РИА Новости գործակալությունը։

 

Համա քաղաքից 30 կմ հյուսիս հրետանային դիվիզիա է ուղարկվել։ Այն կրակ է բացում Սուքեյք, Թամանա և Խան Շեյխուն բնակավայրերի ուղղությամբ։



Այդ գյուղերը, որոնք գտնվում են հրետանային դիրքերից 10-15 կմ հեռավորությամբ, սիրիացի զինվորականների համաձայն, վերահսկվում են զինյալների կողմից։

 

«Այդ դիրքերը զինվել են մի քանի օր առաջ՝ զինյալներին Իդլիբ նահանգից հետ շպրտելու և Համա նահանգն ամբողջությամբ ազատագրելու համար»,-լրագրողներին պատմել է դիվիզիայի հրամանատար, կապիտան Նիբիլը։

 

Նա նշել է, որ իրենց հետագա նպատակը լինելու է մինչև թուրքական սահման հասնելն ու սահմանի վերահսկողությունը վերականգնելը։

 

Հրետանուն աջակցում է նաև սիրիական ավիացիան։ Համա քաղաքի ավիաբազայից ՄիԳ-21, ՄիԳ-23 ինքնաթիռներն օրական մի քանի թռիչքներ են իրականացնում՝ հարվածներ հասցնելով իսլամիստների դիրքերին ու աջակցելով սիրիական բանակի առաջխաղացմանը։