Turkish Airlines-ն ահաբեկչությունից վախեցող 18 ուղևորի է իջեցրել ինքնաթիռից
Turkish Airlines ավիաընկերությունը Ստամբուլ-Դոնի Ռոստով չվերթից հեռացրել է 18 ուղևորի, որոնք վախեցել են ինքնաթիռի կասկածելի ուղևորների պատճառով, տեղեկացնում է Lenta.ru-ն։
Ինքնաթիռի թռիչքն այդ պատճառով ուշացել է։
Ուղևորներից Օլգա Զատոնսկայան պատմել է, որ երբ ուղևորներին ավտոբուսով մոտեցրել են ինքնաթիռին, դրանում արդեն երեք սևամորթ ուղևորներ են եղել՝ երկու տղամարդ և հիջաբով մի կին, որոնք արագ դուրս են եկել ինքնաթիռից։ Երբ զբոսաշրջիկները զբաղեցրել են իրենց տեղերը, բորտուղեկցորդը խնդրել է ստուգել ձեռքի ուղեբեռը՝ փորձելով հասկանալ, թե ինքնաթիռում ավելորդ ճամպրում չկա՞։
«Ստուգելուց հետո ուղևորները սկսեցին հասկանալ, թե ինչ է կատարվում։ Մենք սկսեցինք հարցնել, թե այդ ինչ մարդիկ դուրս փախան ինքնաթիռից և ինչպես էին մեզնից առաջ մտել ինքնաթիռ։ Ուղևորներն անհանգստանում էին, չէ՞ որ վերջերս էր Թուրքիայում ահաբեկչություն իրականացել»,-ասել է Զատոնսկայան։
Ուղևորները պահանջել են ոստիկանություն հրավիրել ու ստուգել ինքնաթիռը, սակայն մերժում են ստացել։ Turkish Airlines-ի աշխատակիցները հայտարարել են, որ ավիաընկերության այն հաճախորդները, որոնք կլքեն ինքնաթիռը, այլևս հետ վերադառնալ չեն կարողանա։
«Երկար բանակցություններից հետո ուղևորներից խումբ է կազմվել, որոնք պահանջել են, որ օդանավակայանի անվտանգության ծառայությունը բարձրանա ինքնաթիռ»,-ասել է Զատոնսկայան։
ՌԴ քաղաքացու խոսքով՝ դրանից հետո մարդիկ լքել են ինքնաթիռի սրահը։ Ոստիկանները մի քանի ժամ ստուգել են և թույլատրել են ուղևորների մուտքը։
Սակայն 18 ուղևորներին, որոնք եղել են նախաձեռնող խմբի կազմում, թույլ չեն տվել ինքնաթիռ մտնել, և նրանք մնացել են Ստամբուլի օդանավակայանում։ Նրանց մեջ եղել են Թուրքիայի, Ռուսաստանի, ինչպես նաև եվրոպական երկրների քաղաքացիներ։










