Ամերիկացի հայտնի գեներալ Պատոնի ժամացույցն աճուրդում վաճառվել է 137.000 դոլարով
Ոսկյա գրպանի ժամացույցը, որը պատկանել է ամենահայտնի ամերիկացի գեներալներից մեկին` Ջորջ Պատոնին, Նյու Յորքում կայացած աճուրդում վաճառվել է 137.000 դոլարով, փոխանցում է BBC-ն:
Այդ ժամացույցը Պատոնը ստացել է ծնողներից Վեսթ Փոյնթ ռազմական ակադեմիան ավարտելու կապակցությամբ: Նա ժամացույցը կրել է 1916-ին Մեքսիկայում ռազմական արշավի ժամանակ, ինչպես նաև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին ամերիկյան տանկային կորպուսի հրամանատար լինելու տարիներին:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գեներալ Պատոնը եղել է ամերիկյան զորքերի հրամանատարը Հյուսիսային Աֆրիկայում, Ֆրանսիայում և Գերմանիայում: Նա մահացել է ավտովթարից 1945թ. դեկտեմբերի 21-ին Գերմանիայում:
Ժամացույցը վաճառքի է հանել գեներալի թոռը: Գնորդի անունը հայտնի չէ։










