ԻՊ-ը հրամայել է փակել կանանց հիվանդանոցները Ռաքքայում. The Independent

15:43 • 30.10.15

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը փակում է կանանց հիվանդանոցները սիրիական Ռաքքա քաղաքում, քանի որ «տղամարդ բժիշկները չպետք է զբաղվեն մահմեդական կանանց բուժմամբ»։

 

Ինչպես գրում է The Independent-ը, Ռաքքայում ԻՊ-ի վերահսկողությունը հանգեցրել է բազմաթիվ բռնաբարությունների, անչափահաս աղջիկների համար պարտադրված ամուսնությունների, բժիշկների հետապնդման, դեղորայքների բացակայության։ Այդ ամենը զգալի ազդեցություն է թողել տեղի կանանց առողջության վրա։

 

Հաղորդվում է, որ գրոհայինները սպառնում են բժիշկ-գինեկոլոգներին, ինչի հետևանքով նրանցից շատերը փախել են քաղաքից:

 

«Շատ բժիշկներ, հատկապես՝ գինեկոլոգներ, արդեն փախել են, քանի որ հեռացվել են բժշկական պրակտիկայից և բախվել են մահվան վտանգին»,- ասել է իրավապաշտպան ակտիվիստ Աբու Մուհամեդը: