Չինաստանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին Հարավ-չինական ծովում պատերազմի սկսման սպառնալիքի մասին

10:16 • 30.10.15

Չինաստանի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Ու Շենլին տեղեկացրել է Հարավ-չինական ծովում պատերազմի սկսման ռիսկի առկայության մասին։

 

Ինչպես նշում է ria.ru-ն, ծովակալի խոսքով, «նույնիսկ չնչին միջադեպը կարող է պատերազմ առաջացնել»: Միևնույն ժամանակ, Շենլին նկատել է, որ Հարավ-չինական ծովում ամերիկյան ռազմածովային ուժերի իրականացրած գործողությունները «սադրիչ են»:

 

Հայտնի է, որ չինացի ծովակալն այս հայտարարությունները հնչեցրել է իր ամերիկացի գործընկեր` ծովակալ Ջոն Ռիչարդսոնի հետ տեսաժողովի շրջանակներում:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ ավելի վաղ Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը տեղեկացրել էր, որ ամերիկյան Lassen ավիակիրն առանց պաշտոնական Պեկինի թույլտվության հատել է Հարավ-չինական ծովի այն տարածքը, որտեղ գտնվում են վիճելի Նանյշա կղզիները, որոնք չինական կողմը համարում է իրենը:

 

Այդպիսով՝ Չինաստանի ԱԳՆ-ն իր բողոքն է հայտնել Միացյալ Նահանգներին` հայտարարելով, որ այդ գործողությունները խախտում են երկրի ինքնիշխանությունը։

 

Իր հերթին, Պենտագոնը հաստատել է տվյալ ջրային տարածքում օպերացիաների իրականացման փաստը` հավելելով, որ ապագայում ևս նման գորոծողություններ են սպասվում։

 

Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը նշել է, որ օպերացիաներն իրականացվելու են առաջիկա շաբաթներին ու ամիսներին: Ըստ ամերիկյան կողմի՝ իրենք շարունակելու են վերահսկել ջրային տարածքը, եթե համարեն, որ դա համապատասխանում է միջազգային իրավունքին: