Չնայած հակասական տեղեկություններին՝ Եգիպտոսի իշխանությունները հաստատել են ռուսական օդանավի կործանման մասին տեղեկությունը (տարբերակ 5)
13.13 Եգիպտական Սինայի թերակղզու օդային տարածքում անհետացած ռուսական քաղաքացիական օդանավը կործանումից հետո ամբողջովին ոչնչացվել է, և, ըստ ամենայնի, ուղևորների մեծ մասը զոհվել է, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով դեպքի վայրում անվտանգության ծառայության ներկայացուցչին։
Ինքնաթիռը կործանվել է թերակղզու լեռնային հատվածում: Եղանակային անբարենպաստ պայմանները բարդացրել են փրկարարների ճանապարհը դեպի ինքնաթիռի կործանման վայր։
Հայտնի է, որ Airbus-321 ինքնաթիռի օդաչուն Շարմ էլ Շեյխ- Սանկտ Պետերբուրգ չվերթի իրականացման ժամանակ կապվել է դիսպետչերի հետ ու տեխնիկական խնդիրների պատճառով խնդրել է շեղվել նախանշված ճանապարհից ու վայրէջք կատարել Կահիրեում:
Մինչդեռ կիպրական Լառնակայի օդանավակայանի պաշտոնական օպերատոր «Հերմեսը» ու Թուրքիայի պետական օդանավակայանների գլխավոր վարչության ներկայացուցիչները հայտնել են, որ որևէ տեղեկություն չունեն ռադարներից անհետացած ինքնաթիռի գտնվելու վայրի վերաբերյալ:
«Մենք տեղեկություն չունենք մեր պատասխանատվության ներքո գտնվող տարածքներում ռուսական ինքնաթիռի անհետացման վերաբերյալ: Բացի այդ, չենք կարող մեկնաբանել այն տվյալները, թե մինչ անհետանալն ինքնաթիռը կապի մեջ է եղել թուրք դիսպետչերների հետ»,-մեջբերում է gazeta.ru-ն թուրքական կողմի ներկայացուցչի խոսքերը։
12.37 Եգիպտոսի օդային տարածքում անհետացած ռուսական քաղաքացիական ինքնաթիռի օդաչուն թռիչքից հետո տեխնիկական խնդիրների առաջացման պատճառով խնդրել է փոխել նախանշված ճանապարհն ու վայրէջք կատարել Կահիրեում։
Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին տեղեկացրել է Շարմ էլ Շեյխի օդանավակայանի քաջատեղյակ աղբյուրը:
«Թռիչքից հետո օդաչուն կապվել է դիսպետչերի հետ ու տեղեկացրել տեխնիկական անսարքությունների մասին։ Նա խնդրել է փոխել նախանշված ճանապարհն ու արտակարգ վայրէջք կատարել Կահիրեում, սակայն դրանից հետո կապն ընդհատվել է»,-մանրամասնել է քաջատեղյակ աղբյուրը:
12.05 Եգիպտոսի վարչապետ Իսմաիլ Շարիֆը հաստատել է ռուսական Airbus 321 օդանավի կործանման մասին տեղեկությունը, հայտնում է Reuters-ը։ Նշվում է, որ օդանավում եղել է 224 մարդ։
Վարչապետը նաև հայտնել է հատուկ հանձնաժողովի ստեղծման մասին։
Սակայն Reuters-ը՝ Եգիպտոսի ավիատրանսպորտի պատահարների վարչության ղեկավար Այման ալ-Մուքադդամին հղումով, հայտնում է, որ ռուսական օդանավը կապի է դուրս եկել թուրք ավիադիսպետչերների հետ։
11.54 Սինայի թերակղզու կենտրոնում հայտնաբերվել են ռուսական քաղաքացիական օդանավի բեկորները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ youm7.com-ին հղումով։
Կայքի տեղեկություններով՝ Եգիպտոսի անվտանգության ուժերը շրջափակել են վթարի վայրը, Էլ Արիշ քաղաքից ուղարկվել է շտապօգնության մոտ 20 մեքենա։
Հաղորդվում է, որ Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող օդանավը, որում գտնվել է 217 ուղևոր` մեծ մասը՝ ՌԴ քաղաքացիներ, անհետացել է ռադարներից օդ բարձրանալուց 23 րոպե անց:
11.33 Եգիպտոսի Սինայի թերակղզու կենտրոնական մասում կործանվել է քաղաքացիական ինքնաթիռ։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Sky News Arabia հեռուստաալիքին հղումով, խոսքը ռուսական օդանավի մասին է, որում գտնվել է մոտ 200 մարդ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ օդանավն առավոտյան թռիչք է իրականացրել Շարմ էլ Շեյխից։ Ներկայում տարվում են վթարի վայրի որոնողական աշխատանքներ։
Միջադեպի առնչությամբ Եգիպտոսի վարչապետն անմիջապես դադարեցրել է իր աշխատանքային այցը։
Reuters-ը հաղորդում է, որ Սանկտ Պետերբուրգ թռչող օդանավում եղել է 212 մարդ։










