«220 ռուս խաչակիր սպանվել է, շնորհակալություն Ալլահին». ԻՊ-ն ստանձնել է Եգիպտոսում ռուսական A-321 օդանավի կործանման պատասխանատվությունը. Reuters

19:39 • 31.10.15

«Իսլամական պետություն» խմբավորմանն առնչվող ռազմական խմբավորումը Եգիպտոսում ստանձնել է Սինայի թերակղզում ռուսական Airbus-321  ուղևորատար ինքնաթիռի կործանման պատասխանատվությունը:


Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը` այս մասին տեղեկությունը տարածել է ռազմական խմբավորումը Twitter-ի աղբյուրների միջոցով:


Հիշեցնենք, որ ավելի վաղ Եգիպտոսի անվտանգության ծառայությունը հաղորդել էր, որ օդանավի վթարի հիմնական պատճառ է դիտարկվում տեխնիկական անսարքությունը: Այդ մասին էր վկայում նաև օդանավի կործանումից առաջ օդաչուի` արտակարգ վայրէջք կատարելու խնդրանքը եգիպտական Էլ-Արիշ քաղաքում: Վերջինս ևս նշել էր, որ օդանավում «տեխնիկական խնդիր» է ծագել, և ինքը պետք է իջեցնի օդանավը:

 

ԻՊ-ի կողմից իրականացված հարձակման մասին լուրը հաստատում է նաև ահաբեկչական խմբավորման համար լրատվական գործակալություն հանդիսացող Aamaq կայքը:


««Իսլամական պետության» զինյալներին հաջողվել է կործանել 220 ռուս խաչակիրների տեղափոխող ռուսական օդանավը Սինայում: Նրանք բոլորը սպանվել են, շնորհակալություն Ալլահին», - աղբյուրի հաղորդմամբ` ասվում է Twitter-ի հաղորդագրության մեջ:

 

Հիշեցնենք, որ Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Когалымавиа» ավիաընկերության Airbus 321 ինքնաթիռը, որում եղել է 217 ուղևոր և 7 հոգանոց անձնակազմը, անհետացել է ռադարներից թռիչքից 23 րոպե անց:


Օդանավի կործանման վերաբերյալ բոլոր տեղեկություններին կարող եք ծանոթանալ՝այստեղ։

 

Հաղորդվեց, որ վթարի վայրում հայտնաբերվել են օդանավի «սև արկղերը», որոնք վերծանվելու են Ռուսաստանում:
 

Նշվեց, որ տեխնիկական անսարքության  տարբերակը դիտարկվում է որպես  «Կոգալիմավիա» А-321  օդանավի վթարման հիմնական պատճառ: Այս մասին  Интерфакс-ին տեղեկացրել էր  իրավիճակին ծանոթ աղբյուրը:
 


«Առաջնահերթության  կարգով  դեռ քննարկվում է ինքնաթիռի տեխնիկական անսարքության վարկածը»,-ասել էր գործակալության աղբյուրը ու նշել, որ դիտարկվում են նաև կատարվածի այլ պատճառների վարկածներ, այդ թվում` մարդկային գործոնը և անբարենպաստ դիրքը` պայմանավորված տեղանքի բարդ լեռնային ռելիեֆով:

 

Հիշեցնենք նաև, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 1-ը սգո օր է հայտարարել։

 

Ուղևորների ցուցակում նշվում է նաև հայկական ազգանունով մեկ տղամարդու անուն` Լ. Մնացականով:

«220 ռուս խաչակիր սպանվել է, շնորհակալություն Ալլահին». ԻՊ-ն ստանձնել է Եգիպտոսում ռուսական A-321 օդանավի կործանման պատասխանատվությունը. Reuters