Բուխարեստում գիշերային ակումբում հրդեհի հետևանքով մահացել է 27 մարդ, տուժել՝ մոտ 180-ը (լուսանկար)
Բուխարեստի կենտրոնում գտնվող հայտնի գիշերային ակումբներից մեկում գիշերը տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացել է 27 մարդ, ևս մոտ 180 մարդ տուժել է: Այդ մասին հայտնել է Ռումինիայի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Գաբրիել Օփրյան, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ուրբաթ օրն ակումբում, որը տեղակայված է նկուղային հարկում, անցկացվել է անվճար ռոք համերգ, որին ներկա է եղել մոտ 400 երիտասարդ: Նախնական տվյալներով` պիրոտեխնիկական շոուի ժամանակ հրդեհվել են առաստաղի դեկորի մասերը, սկսվել է ծուխ լցվել, այնուհետև պայթյուն է հնչել։
Ականատեսները նշում են, որ շատերը խուճապահար վազել են դեպի միակ ելքը, որտեղ հրմշտոց է սկսվել: Հաղորդվում է, որ շատերը մահացել են խեղդվելու հետևանքով: Լրատվամիջոցները հայտնում են, որ մահացածների թվում կան արտասահմանցիներ:
Տուժածները տեղափոխվել են բուժհաստատություներ: Երկրի առողջապահության նախարարը կոչ է արել բնակիչներին արյուն հանձնել տուժածների համար: 25 մարդու վիճակը գնահատվում է որպես ծայրահեղ, շատերը լուրջ վնասվածքներ ունեն: Հաղորդվում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ։












