Սպիտակ տունը դեռ չի պատրաստվում հրապարակել Քլինթոնի և Օբամայի ծառայողական նամակագրությունը
Սպիտակ տունը դեռ չի հրապարակի ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և նախագահ Բարաք Օբամայի ծառայողական էլեկտրոնային նամակագրությունը։ Այդ մասին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
Նրա խոսքով` «նախագահական ամբողջ նամակագրությունը գաղտնի բնույթ ունի, քանի դեռ պետության ղեկավարի լիազորությունները չեն ավարտվել»։
Այնուամենայնիվ, նա հաստատել է, որ 2017թ. հունվարից հետո, երբ Օբաման լքի Սպիտակ տունը, այդ նամակները կհրապարակվեն։
ԱՄՆ պետդեպը մտադիր է հրապարակել Քլինթոնի ծառայողական նամակագրության հերթական մասը նրա անձնական էլեկտրոնային փոստից։
ԱՄՆ-ում սկանդալ էր առաջացել այն բանից հետո, երբ պարզվել էր, որ Քլինթոնը պետքարտուղար եղած տարիներին իր անձնական փոստն է օգտագործել ծառայողական նպատակներով, որն այդքան էլ լավ պաշտպանված չի եղել և ենթարկվել է հարձակումների։










